Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում իրադարձությունների զարգացման հետ կապված հարցերը գտնվում են Հայաստանյի կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե ինչ ռազմավարություն ունի կառավարությունը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, որտեղ իր գերիշխանությունն է հաստատում է Թուրքիան:
«Բացի այդ, կան համապատասխան կառույցներ, որոնք հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ ներկայացնում իրենց եզրահանգումները: Բնական է, որ այդ հարցերը գտնվում են երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Մենք այդ հետազոտությունների եւ վերլուծությունների հիման վրա որոշ քայլեր ենք ձեռնարկում»,-ասաց Սարգսյանը, հավելելով, որ կան մի շարք նյուանսներ, որոնց բաց քննարկումը աննպատակահարմար է:
Վարչապետը նաեւ նշեց, որ Կառավարությունը գործողությունների ծրագիր է մշակել՝ իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակների համար: «Այդ թեման քննարկվում է նաեւ մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ: Միանշանակ է, որ մեր ռազմավարական գործընկերների հետ քննարկում ենք բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են ի հայտ գալ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման ընթացքում»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը:





























