ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները կփորձեն օրակարգում ունենալ ավելի բարձր մակարդակի խնդիր, օրինակ, նախագահների հանդիպում: Կհաջողվի, թե ոչ սա հարցի մի կողմն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը:
Նրա խոսքով, Սաֆարովի դեպքից հետո մենք ունենք ֆոնային իրավիճակի այնպես փոփոխություն, որ մի շարք հարցեր դառնում են շատ ակտուալ: «Հետաքննության մեխանիզմների հստակեցում, դիպուկահարների հետ քաշելու խնդիրը, հնարավոր մոնիտորինգային հարցերը որոնք կարող են վերաբերել այլակարծությանը, ռասիզմին եւ այլն, եւ այլն»,- նշեց Կարեն Բեքարյանը: Նա նաեւ նշեց, որ ադրբեջանցիները շատ մեծ ցանկություն ունեն սեւ - սպիտակի կամ այո եւ ոչ-ի տարբերակով հարցը լուծել: «Հայաստանը բանակցություններից դուրս չի եկել, բայց Հայաստանի ասելիքը մեծացել է եւ այդ ասելիքը բացատրելու, հիմնավորելու կարիք չկա, քանի որ Ադրբեջանը այդ բոլոր հիմքերը սկուտեղի վրա մատուցել է»,- նշեց Կարեն Բեքարյանը: Նա բնական է համարում, որ Հայաստանը խնդիր դնի, որ Սաֆարովի հետ կապված այս ամբողջ էպոպեյայից հետո Ղարաբաղի լրացուցիչ անվտանգության խնդիր կա: Խոսքը վերաբերում է նաեւ իրավական հիմքերին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























