Եթե 2013 թ-ի նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանից» ոչ ոք չառաջադրվի, ապա արդյունքը կանխորոշված է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է  փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով,  իշխող ուժը արդեն այսօր ճնշում է գործադրում  «ԲՀ»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա: «Ջրի երես է դուրս գալիս նրա կենսագրության ոչ  հաճելի մանրամասներ: Իսկ կուսակցության ներկայացուցիչների նկատմամաբ փորձ էր կատարվել ճնշումներ գործադրել դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն հաջողությամբ չի ավարտվել»,-ասել է Իսկանդարյանը: Ներկայումս, ավելացրել է նա, ճնշումները շարունակվում են:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, ապա, փորձագետը համարում է, որ ընտրությունների արդյունքի վրա այն ազդել չի կարողանա:

«ՀԱԿ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընդամենը  7 Տոկոս ձայն: Եվ եթե անգամ  սպասվելիք ընտրություններում նրա թեկնածուն երկու անգամ ավելին հավաքի, այն չի փոխի  ընդհանուր պատկերը»,-ամփոփել է նա: