Հայաստանը ի վիճակի է Dooing business-ի վարկանշային սանդղակում հայտնվել առաջին քսանյակում, նույնիսկ՝ տասնյակում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ 18 կետով առաջընթացը եւ 32-րդ տեղում հայտնվելը շատ կարեւոր է, սակայն հաշվետվությունը նաեւ վեր է հանում մի շարք խնդիրներ:

«Doing business-ը շատ կարեւոր է՝ որոշ երկրների ղեկավարներ այն պահում են իրենց անձնական հսկողության տակ, քանի որ հաշվետվությունը ցույց  է տալիս բիզնեսի իրական վիճակը՝ կազմվելով մասնավոր հատվածի շրջանակներում հարցումներ անցկացնելով»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա նաեւ նշեց Doing business-2013-ում Հայաստանի մի շարք խնդիրների մասին: 

Առաջին՝ փոքր եւ միջին բիզնեսին մատուցվող ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա, գազամատակարարում) դեռեւս ծախսատար են: Թեեւ իրավիճակն այստեղ բարելավվել է, սակայն դեռեւս Doing business-ում 100-ի մեջ չենք մտնում:

Երկրորդ՝ մաքսազերծում, արտաքին առեւտուր, արտահանում մինչեւ առաջին նավահանգիստ: Խոցելի ենք, քանի որ պահանջվող տեղեկանքների քանակով դեռեւս զիջում ենք մեր հարեւաններին: Պահանջվող փաստաթղթերի քանակը չպետք է գերազանցի 5-ը, բայց Dooing business-ի հաշվետվության մեջ նշված է, որ ավելի շատ են պահանջում: Մինչեւ Փոթիի նավահանգիստ բեռ հասցնելը շատ թանկ է նստում՝ 1800 դոլար մեկ կոնտեյների համար, ինչը բարդացնում է բիզնեսի պայմանները, թեեւ սրանում վրացական կողմի մեղքը եւս առկա է:

Երրորդ՝ բիզնեսին վերաբերող դատական վեճերը տեւում են մեկ տարուց ավելի, ինչը շատ ցածր ցուցանիշ է: «Պրն նախարար, պետք է ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել՝ բիզնես վեճերի ծախսատարությունը եւ ժամկետները կրճատելու համար»,- արդարադատության նախարարին դիմեց Տ. Սարգսյանը:

ՀՀ վարչապետը մի քանի նախարարների հանձնարարեց մինչեւ նոյեմբերի 15-ը ներկայացնել միջոցառումների նոր ծրագիր՝ Doing business-ում իրավիճակը բարելավելու համար: