Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին բացվեց «Popok» գովազդի երրորդ միջազգային փառատոնը: Այն Հայաստանի գովազդային շուկայի ամենակարեւոր միջոցառումն է։ Փառատոնի կազմակերպիչը Հայաստանի գովազդային խորհուրդն է: Փառատոնը կոչվում է «Popok», քանի որ, կազմակերպիչների կարծիքով, պոպոքը բացված ժամանակ նման է մարդու ուղեղին, իսկ փառատոնը ասոցացվում է ստեղծագործ մտքի հետ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է Երեւանի քաղաքապետարանը:

Փառատոնի ընթացքում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն գովազդային նոր հայեցակարգը, Երեւանի արտաքին ձեւավորման հարցերը, Երեւանի brendbook-ը (զբոսաշրջիկների համար նախատեսված լոգոտիպը): Տեղի կունենան աշխատանքների ներկայացումներ մի շարք նոմինացիներում: Փառատոնին ներկայացված են 500-ից ավելի աշխատանքներ, 40-ից ավելի երկրներից: Գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ հյուրերի մի մասն անակնկալ է ժամանել: Նրա խոսքով՝փառատոնն իր դիրքերն ամրապնդում է միջազգային շուկայում, որի վկայությունն է Ռուսաստանի գովազդային գործակալությունների ասոցիացիայի որոշումը՝ «Popok» փառատոնը ներառել իրենց կողմից կազմվող վարկանիշի մեջ։