Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բանաձեւը քաղաքական եւ բարոյական լուրջ ձեռքբերում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` ընդգծելով, որ սա վերջին 3 տարում հայկական կողմի ամենալուրջ ձեռքբերումն է:
Ըստ Բաբայանի՝ Նոր Հարավային Ուելս նահանգը պարզապես վարչական միավոր չէ. «Նոր Հարավային Ուելսը եղել է այն հիմնաքարը, որի շուրջ ձեւավորվել է ժամանակակից ավստրալական պետությունը: Երբ այդ ամենախիտ բնակեցված, պատմականորեն ամենահին նահանգը ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, դա շատ կարեւոր է: Դրան կհետեւի ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ոչ միայն ավստրալական մնացած նահանգների, այլեւ աշխարհի այլ երկրների կողմից»:
Բաբայանը նաեւ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առանց որեւէ հիստերիկ հայտարարությունների, աղմուկի, հանգիստ պայմաններում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը բանաձեւ էր ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասինլ: Բանաձեւն ընդունելով՝ Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ էր արել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը եւ խորացնել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂՀ-ի եւ նրա քաղաքացիների հետ»:




























