Երեւանի Խանջյան 20 հասցեում հոկտեմբերի 25-ին փլուզումից տուժած շինարարները բուժօգնություն են ստանում պետպատվերի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հոկտեմբերի 26-ին ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Դժբախտ պատահարների դեպքում բոլոր ծախսերը հոգում է պետությունը, դա հիվանդությունների այն ցանկի մեջ է ընդգրկված, որոնք պետք է բուժվեն պետպատվերի շրջանակներում։ Իսկ գործատուն կարող է օգնել, եթե ցանկանում է»,- ասաց Դ. Դումանյանը:
Նրա խոսքով, այսօր առավոտյան իրեն զեկուցել են, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Հիվանդը գիտակից վիճակում է եւ շփվում է բժիշկների հետ: Մյուս հիվանդը միջին ծանրության է, աջ սրունքի կոտրվածք ունի՝ բաց եւ բազմաբեկոր: «Բարդ կոտրված է, ապագայում նրան վիրահատություն է սպասվում»,- ասաց նախարարը: Մյուս հիվանդների վիճակը բավարար է, նրանց առաջիկա օրերին դուրս կգրեն:
Նախարարը նշեց, որ տուժածները 11 էին, 9-ը հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տուժածներից 2-ի վիճակը բավարար էր՝ դեպքի վայրից տուն են գրվել:
Ինչ վերաբերում է Դավիթաշեն թաղամասում վերելակի վթարից տուժածներին, ապա, նախարարի խոսքով, նրանց վիճակը ծանր է՝ բազմաթիվ կոտրվածքներ, սալջարդներ: «Վիճակը ծանր է, պայքարում ենք երկուսի կյանքի համար»,- ասաց Դ. Դումանյանը:





























