Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին իսկ օրից շատերին խորհրդարանում հետաքրքրում էր, թե որտեղ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար անհարգելի պատճառներով նիստերից չի բացակայում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Քառօրյան անցավ, իսկ Բիշարյանն այդպես էլ չերեւաց Աժ-ում:
Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել է Չինաստան:
Բաղդասարյանը, սակայն, Չինաստան է մեկնել որպես անվտանգության խորհրդի քարտուղար, այլ ոչ` որպես ՕԵԿ նախագահ, եւ իր կուսակից Բիշարյանին էլ Չինաստան է տարել որպես ԱԽՔ պատվիրակության անդամ: Մեր թղթակիցը փորձել է ՕԵԿ գրասենյակից, ինչպես նաեւ ՕԵ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պաշտոնապես պարզել, թե ուր է Բիշարյանը եւ ինչ կարգավիճակով ու ինչու է Չինաստան մեկնել: ՕԵԿ-ի, ինչպես նաեւ Շահգելդյանի հեռախոսները լռել են»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























