Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակի պոկվելու պատճառով տուժածների առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

Նրանց փոխանցմամբ` տուժածներից  60-ամյա Գեւորգ Սաֆարյանը այսօր տեղափոխվելու է Վիրաբուժական բաժանմունք` հիվանդասենյակ: Իսկ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը, ում փայծաղը երեկ հեռացրել էին, դեռ կմնա Վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Ըստ բժշկի տեղեկանքի`  Խ. Եփրեմյանը եւ Գ. Սաֆարյանը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ ՔՕ-ի 157 հոդվածի 2-րդ մասով սահմանվող արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Վերելակը, գրանցված չէր ԱԻՆ ռեեստրում եւ չէր անցել փորձաքննություն: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: