Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը դեռեւս գնահատվում է կայուն ծանր, նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նա նշեց, որ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում եւս մեկ տուժած, ում վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության։ Նա բաց եւ բազմաբեկոր կոտրվածք ունի եւ դեռեւս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում լյարդի ու մակերիկամի շրջանում հեմատոմայի կասկածի պատճառով։
Տուժածներից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել,իսկ մյուս երեքը շարունակում են բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլվածքի տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եւ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.): Նրանցից 9-ին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























