Նյու Յորքի դատարանում, հոկտեմբերի 23-ին, հայաստանցի Դավիթ Միրզոյանն իրեն մեղավոր է ճանաչել մարդկանց առեւանգման, մեքենայությունների, փողերի լվացման եւ մարդկանց անձնական տեղեկատվության գողության մեջ: Բոլոր այս հանցագործությունները նա կատարել է նպատակ ունենալով ավելի քան 100 մլն դոլար ստանալ «Medicare» համակարգից, որը ԱՄՆ-ում գործում է ծերերին բժշկական օգնություն ցուցաբերել համար:
Միրզոյանը կալանավորվել է շուրջ երկու տարի առաջ Լոս Անջելեսում՝ հանցավոր սինդիկատի մյուս անդամների հետ. Հանցավոր խմբավորման միջուկը կազմել են Հայաստանից ներգաղթյալները: Ընդհանուր առմամբ, կալանավորվել է ավելի քան 50 մարդ ԱՄՆ-ի արեւմտյան եւ արեւելյան ափերին: Այս փաստի առթիվ Նյու Յորքի Արեւելյան շրջանի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հատուկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարել էր ծերերի բժշկական օգնության դաշնային ծրագրի համակարգում պատմության մեջ ամենախոշոր մեքենայության բացահայտման մասին: Մեղադրյալներն օգտագործելով մարդկանց գողացված անձնական տվյալները, բացել էին 118 կեղծ բժշկական կլինիկաներ 25 նահանգներում: Նա Medicare համակարգին էին ներկայացրել շուրջ 100 մլն դոլարի վճարման ենթակա փաստաթղթեր՝ բժշկական օգնության համար, որն իրականում ոչ ոք չէր մատուցել եւ չէր ստացել: Բհարարայի խոսքով, հանցագործները հասցրել էին այս ճանապարհով ստանալ 35 մլն դոլար:
Դաշնային դատախազը հայտարարել էր, որ հանցավոր խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել են Հայաստան եւ անշարժ գույք գնել ապօրինի ճանապարհով ստացված միջոցներով: Բհարարան այս խմբավորումը համեմատել էր «դասական Cosa Nostra»-ի հետ, հավելելով, որ «ապօրինի եկամուտների, աշխարհագրական տարածվածության եւ հավակնոտության տեսանկյունից, ավանդական մաֆիան կարող էր նախանձել այս հայ-ամերիկյան խմբավորմանը»:
Շուրջ մեկ տարի առաջ այս գործով իրեն մեղավոր էր ճանաչել «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ով գլխավորել է հայկական մաֆիան ԱՄՆ-ում:
Դաշնային հետախուզության բյուրոյի նյույորքյան բաժանմունքի ղեկավար Ջենիս Ֆեդարչիկի խոսքով, Ղազարյանն առաջին կալանավորված «եվրասիական օրենքով գողն» է 1995-ից ի վեր, երբ ձերբակալվել էր հայտնի Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»):
Ռուսական «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով ՌԴ հատուկ ծառայությունները, նշել է, որ Ղազարյանը Լոս Անջելեսում «նայող» է եղել՝ քրեական հեղինակություն «Դեդ Հասանի» կողմից:
Քննության տվյալներով, Դավիթ Միրզոյանը Լոս ԱՆջելեսում անմիջականորեն ղեկավարել է հայկական հանցավոր խմբավորումը, իսկ Նյու Յորքում այդ գործառույթը կատարել է Ռոբերտ Թերջանյանը:
«Միրզոյան-Թերջանյան» խմբավորումն, ըստ մեղադրական եզրակացության, զբաղվել է մեքենայություններով, հափշտակություններով, մարդկանց անձնական տվյալների գողությամբ, կրեդիտ-քարտերի կեղծմամբ, փողերի լվացմամբ, թմրամիջոցների վաճառքով, շորթմամբ եւ այլն: Նրանք թյուրիմացության մեջ են գցել ԱՄՆ միգրացիոն իշխանություններին եւ «օտարերկրյա կառավարության անդամների օգնությամբ» այնպես են արել, որ այդ կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներին, այսպիսով զրկելով ամերիկյան իշխանություններին հայրենիք արտաքսել մարդկանց իր տարածքից»:
Բհարարան հայտարարել է, որ հանցագործի կողմից իր մեղքի խոստովանությունը անշրջելի է դարձնում նրա պատիժը: Միրզոյանին 75 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն սովորաբար դատարանը մեղմացնում է պատիժը՝ խոստովանական ցուցմունքի առկայության դեպքում, հատկապես, եթե մեղադրյալը համաձայնում է ցուցմունքներ տալ իր հանցակից ընկերների դեմ: Հայտնի չէ, թե արդյոք նման համաձայնություն կայացել է Միրզոյանի հետ, թե՝ ոչ: Նրա դատավճիռը կկայացվի 2013 թվականի փետրվարի 6-ին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:





























