Թեեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի արձագանքել ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANKA) առաջարկությանը՝ կապված Արցախի, ջավախահայերի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ընտրություններից առաջ ոչ Սպիտակ Տան ներկա ղեկավար, դեմոկրատ Բարաք Օբաման, ոչ հանրապետական Միթ Ռոմնին չեն արձագանքի ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկությանը եւ չեն ստանա հայ համայնքի աջակցությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն էր տարածել, որի համաձայն նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել հայ համայնքի պաշտոնական աջակցությունը՝ նոյեմբերի 6-ին նախատեսված նախագահի ընտրությունների նախաշեմին:





























