Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին, ով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մասնակցել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:

Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ համագործակցում եք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Այն ստեղծվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո եւ փորձելու է ոչ միայն բարձրացնել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այլեւ օգտագործել եւ ավելացնել հայ ժողովրդի ողջ ներուժը: Մեր առաջին` երկարաժամկետ նպատակը կրթական համակարգի բարեփոխումներն են, երկրորդ` միջնաժամկետ նպատակն առողջապահությունն է, երրորդ` կարճաժամկետ նպատակը` զբոսաշրջությունը»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի գործունեությունն այսուհետ նպատակաուղղված է լինելու նաեւ մեր երկիր վերազգային կորպորացիաների ներգրավմանը եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:

Դարզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելը: Նա նշել է, որ կիսում է ՀՀ կառավարության տեսլականը հիմնադրամի գործունեության ուղղությունների վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրա իրականացմանը:

ՀԱՄՀ  առաքելության եւ ծրագրերի վերաբերյալ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները: Հյուրը ներկայացրել է առողջապահական համակարգի բարեփոխումների միջազգային փորձը: Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ արծարծվել է թեմային վերաբերող հարցերի լայն շրջանակ, քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Այսօր Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր լորդ Արա Դարզին կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ կազմակերպած սեմինարին` նվիրված առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Արա Դարզին Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի եւ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է, Իմպերիալ Քոլեջի համաշխարհային առողջապահության նորարության ինստիտուտի նախագահ եւ Միացյալ Թագավորության առողջապահության եւ կենսագիտության համաշխարհային դեսպան: