Բյուջետային ծրագրավորման հետեւողական կիրառումը Հայաստանի 2013 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի առավելությունն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով 2013 թվականի պետբյուջեի օրինագիծը, որը հոկտեմբերի 30-ին ԱԺ-ումներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Սա նորություն չէ, նման մոտեցում կիրառվել է նաեւ նախորդ տարիներին, առանձին ծրագրերի դեպքում, բայց հիմա այն համակարգային է դարձել ողջ բյուջեի համար: Աշխարհի առաջատար երկրները նման սկզբունքը կիրառում են, քանի որ այն թույլ է տալիս ավելի հեշտ հետեւել եկամուտներին ու ծախսերին եւ հայեցակարգային ծրագրեր մշակել»,-ասաց փորձագետը:
Բյուջեն, որպես տարեկան փաստաթուղթ, ծառայում է միջինժամկետ ծախսերի ծրագրերի կատարմանը երեք տարվա համար, ինչպես նաեւ երկարաժամկետ ծրագրերի զարգացմանը: Հետեւաբար, ծրագրային բյուջետավորումը կօգնի ավելի լավ հետեւել երկարաժամկետ նպատակների կատարմանը: Դա, իր հերթին, կօգնի բյուջեի ծախսերի ու եկամուտների արդյունավետ կառավարմանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի պետական բյուջեի օրինագծի համաձայն, եկող տարի բյուջեի եկամուտների ծավալը կկազմի շուրջ 1,032 մլրդ դրամ, ծախսերինը՝ 1,151 մլրդ դրամ:





























