Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից գողական հավաքույթի ժամանակ ձերբակալված օրենքով գող Սուրեն Ավետիսյանն արտաքսվել է երկրից, քանի որ խախտել է Ռուսաստանի տարածքում օտարերկրացիների գտնվելու կարգը:
Միաժամանակ, Հայաստանի ոստիկանությունում հայտնեցին, որ Ավետիսյանը Հայաստանի իրավապահների տեսադաշտում չի գտնվում, եւ իրենք ոչ մի առնչություն չունեն Ավետիսյանի արտաքսման հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ռուսաստանցի իրավապահների կողմից հոկտեմբերի 28 –ին Մոսկվայի ռեստորաններից մեկում «գողական հավաքույթն» ընդհատվել է: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են հինգ քրեական հեղինակություն, որոնցից երկուսը` հայաստանցիներ` 33 տարեկան Արտեմ Առաքելյանը կամ Արտեմ Լիպեցկին եւ 39 –ամյա Սուրեն Ավետիսյանը (Սուրենչիկ): Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունվել կալանքը:
Հաղորդվում է, որ վերջին կես տարվա ընթացքում Արտեմ Լիպեցկին մեկ անգամ չէ, որ հայտնվել է քրեական քրոնիկայում եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ամռան սկզբում Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի անդամների կողմից Արտեմը «թագադրվել էր» որպես օրենքով գող:





























