Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու օգտին: Այս մասին նա հայտնել է այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
Այդ բանակցությունները կշարունակվեն, չնայած այն հարցերին, որոնք Բրյուսելին ու Անկարային չի հաջողվում լուծել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից Կիպրոսը ճանաչելուն, որը ԵՄ-ին միացել է 2004 թվականին: «Գերմանիան հանդես է գալիս երկխոսությունը շարունակելու օգտին»,-ասել է Մերկելը:
Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերի նախարար Եգեմեն Բաղըշը, ով նույնպես ժամանել էր Բեռլին թուրքական պատվիրակության կազմում, հանդես է եկել Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցության օգտին, առանց որեւէ պայմանի: «Թուրքիան ցանկանում է ԵՄ լիիրավ անդամակցություն եւ որեւէ այլ բանի չի համաձայնի»,-ասել է Բաղըշը:
Անդրադառնալով Սիրիայի խնդրին, Մերկելը նշել է, որ «Սիրիայում տիրող իրավիճակը լուրջ բեռ է Թուրքիայի համար», որի տարածքում այս պահին գտնվում են 170 հազար սիրիացի փախստականներ:
Էրդողանն էլ, իր հերթին, ասել է, որ Անկարան «անկասկած, Գերմանիայի աջակցության կարիքն ունի», այդ թվում սիրիական խնդրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա են կազմակերպել Գերմանիայի ալավիները: Այդ կրոնական եւ մշակութային համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, որոնց թիվը Գերմանիայում 750 հազար է, իսկ Թուրքիայում՝ 20 մլն, իրենց բողոքն են հայտնել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականության դեմ:





























