Գաբալայի ՌԼԿ-ն համատեղ օգտագործելու ԱՄՆ-ի առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն այդ հարցը լուծվելու է հրթիռային սպառնալիքների շուրջ համատեղ որոշումից հետո: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Լավրովը վկայակոչել է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից երրորդ դիրքային տեղակայման ծրագրերը եւ նոր գիծ է մշակել հակահրթիռային պաշտպանության ասպարեզում:
«Հնարավորություններ են ստեղծվել, որ վերադառնանք սկզբնական գաղափարին, որը համատեղ աշխատանք էր նախանշում հրթիռային սպառնալիքների դեպքում»,- ասել է նա:
«Մեր առաջարկության իմաստն այն է, որ աշխատանք սկսելով ԱՄՆ-ի հետ, մենք այդ աշխատանքում ներգրավենք նաեւ եվրոպական եւ մյուս շահագրգռված պետություններ: Նախագահներ Մեդվեդեւն ու Օբաման պայմանավորվել են, որ աշխատանք սկսեն հրթիռային սպառնալիքների համատեղ վերլուծության վերաբերյալ»,- նկատել է Լավրովը:
Մոսկվան ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ օգտագործել Ռուսաստանի կողմից օգտագործվող Գաբալայի ՌԼԿ-ն (Ադրբեջան) հարավային ուղղության վերահսկողության համար, փոխարենը՝ Չեխիայում ԱՄՆ ՀՀՊ հակամարգեր չտեղադրվեն: 2009թ. սեպտեմբերի 17-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ հրաժարվում է Չեխիայի ռադարների եւ Լեհաստանում հրթիռային համակարգի տեղադրումից, քանի որ տեղեկություն է ստացվել, որ Իրանում չկան հրթիռներ, որ կարող են խոցել Եվրոպայում գտնվող նշանակետները:




























