Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից աջակցությունն ինչպես անկախության տարիներին, այնպես էլ ավելի վաղ` Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնելով, որ բարեկամության խումբը վերջերս է ձեւավորել, որտեղ տարբեր խմբակցություններից պատգամավորներ են ընդգրկված, նա նշեց, որ խմբի առաքելությունը  ճապոնացի գործընկերների հետ համագործակցության խորացման ճանպարհով ավանդ ունենալն է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Ս. Ֆարմանյանի խոսքով`  խմբի օրակարգը հագեցած է. «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ըստ էության չկան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ: Ճապոնիայի հետ մեր հարաբերությունները ծայրահեղ կարեւոր են  հարբերությունների դիվերսիֆիկացիայի տեսակետից, եւ Ճապոնիան միջազգային ատյաններում իր հեղինակությամբ, ֆիանանսական հնարավորություններով եւ կուտակած փորձով  շատ հարցերում կարող է օգտակար լինել»,-ընդգծեց պատգամավորը:

Նա հայտնեց նաեւ, որ նոյեմբերի  2-ին խորհրդարանում կկայանա Հայաստանում Ճոպանիայի դեսպան Տիկահիտո Հարադայի հանդիպումը  բարեկամության  խմբի անդամների հետ, որի ընթացում կձեւակերպվեն խորհրդարանական մակարդակով հետագա քայլերը: