Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդատվական խմբի 11-րդ նիստը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Երեւանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի նախագահությամբ:Նիստին մասնակցել են Հայաստանի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, ԵՄ երկրների դեսպաններ:

Նիստում ներկայացվել է խմբի գործունեության հաշվետվությունը հուլիս-սեպտեմբերի համար, նաեւ Խմբի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Այդ աշխատանքները ներառել են հանդիպումների եւ սեմինարների կազմակերպում, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության դերի մեծացման վերաբերյալ խորհրդատվական փաստաթղթի նախագծի պատրաստման, դոնորների հետ աշխատանքի հարցերով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, ԵՄ-ն Հայաստանի կարեւորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է: «Այսօրվա նիստում կրկին արձանագրվել է, որ մենք նույն ուղղությամբ ենք նայում եւ ունենք ընդհանուր արժեքներ»,-ասել է նա:

Շարմազանովն առաջարկել է ակտիվացնել Խմբի համագործակցությունը խորհրդարանի խմբակցությունների հետ, առավել եւս, որ նրանցից երեքը՝ ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ են:

Նիստում նաեւ նշվել է, որ Խմբի գործունեության ժամկետը հնարավոր է երկարաձգվի (առայժմ նախատեսվում է մինչեւ 2013 թվականի հոկտեմբեր):