Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերը պահպանում են դրական դինամիկան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ Խորհրդատվական խմբի 11-րդ նիստում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ վերջին ժամանակներում մի շարք լուրջ ձեռքբերումներ են եղել, մասնավորապես, հոկտեմբերին նախաստորագրվել են Հայաստանի եւ Շենգենյան գոտու երկրների միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման փաստաթղթերը: «Հուսով ենք, որ 2013 թվականի առաջին կեսին այն ուժի մեջ կմտնի», - նշել է Բաղդասարյանը: Այնուհետեւ նա հիշեցրել է, որ հենց նույն ամսին կայացել էր բանակցությունների երկրորդ փուլը՝ առեւտրի գոտու ստեղծման մասին, եւ հույս է հայտնել, որ դեկտեմբերին՝ հաջորդ նիստին եւս առաջընթացի մասին կնշվի: Բացի դրանից, հոկտեմբերին տեղի է ունեցել Ասոցիատիվ համաձայնագրի հարցով նիստ, որտեղ նույնպես առաջընթաց է նկատվել:
Արթուր Բաղդասարյանը կրկին հաստատել է բարեփոխումների ուղղությունը: Ըստ նրա՝ հարկային եւ մաքսային բնագավառներում բարեփոխումներ կատարելու համար ստեղծվել են աշխատանքային լրացուցիչ խմբեր: Մասնավորապես, նախատեսվում է «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի ներմուծումը երկրի մաքսակետերում:




























