Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ կայանալիք նախագահական ընտրությունների հարցով բանակցություններ չեն տարվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
«Իմ անձնական ցանկությունն է, որ կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանի գործող նախագահի թեկնածությունը», ընդգծել է Աբրահամյանը: Նա ասել է, որ այդ թեման քննարկել է Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նշել է, որ ՀՀԿ-ԲՀԿ հանդիպումն առաջին դեմքերի մակարդակով է եղել:
Միաժամանակ խոսնակը չի բացառել մի շարք հանդիպումների անցկացման հնարավորությունը՝ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դիրքորոշումը քննարկելու նպատակով: «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել», - հավելել է ԱԺ խոսնակը:
Հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանն այն տեղեկությունը, որ Չեխիայից նա Ռոբերտ Քոչարյանի հետ է վերադարձել, խոսնակը դրական պատասխան է տվել: «Իսկապես, ինքնաթիռում Հայաստանի երկրորդ նախագահն էր: Պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանն իր տեղը զիջել է Ռոբերտ Քոչարյանին, եւ ամբողջ հետդարձի ճանապարհը մենք զրուցել ենք: Սակայն մենք չենք քննարկել ներքաղաքական թեմաներ: Զրուցում էինք Չեխիա իմ այցի մասին: Նա հետաքրքրվում էր իմ այցով», - վստահեցրել է Հովիկ Աբրահամյանը:




























