Այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Արդարադատության նախարարության շենքի մոտ: Բողոքի ակցիայի շարժառիթը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրերս հնչեցրած հայտարարությունն էր այն մասին, որ «աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է»:
Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ ունեին` «Արդարակարություն», «Կարուձեի ֆաբրիկա» եւ այլ գրություններով, նրանք հրաժարվեցին հանդիպել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, սակայն վերջինիս փոխանցեցին իրենց նամակը, որում ասվում է.
«Պարոն արդարադատության նախարար,
Մենք` հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձեւի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը: Նաեւ, կոչ ենք անում ձեզ կտրել ձեր առնանդամը եւ ուղարկել վերադասին։ Ասում են, դա նորմալ երեւութ է նախարարների համար, ինքնատիպ հավատարմության ծես` վերադասի նկատմամբ, կաշառք վերցնելու պես սովորական մի բան։ ՀՀ քաղաքացիներ»:
Նշենք, որ օրերս ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը Հրայր Թովմասյանն ասել էր, թե «աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է: «Նման դեպքեր լինում են աշխարհի բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Ասենք այնպես, ինչպես աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ արդեն կան»,- նշել էր նախարարը:





























