Հայաստանի իրավապահ մարմինների կողմից 2012թ. ինը ամիսների ընթացքում հարուցվել է կոռուպցիան բնույթի 220 գործ: Այդ մասին Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը:
«ՀՀ իրավասու մարմինների կողմից 2007 թ. ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի 120 քրեական գործ, 2008 թ. ընթացքում նախապատրաստվել է 524 նյութ, որոնցից 390-ով հարուցվել են քրեական գործեր, 2009 թ. ընթացքում նախապատրաստվել է 771 նյութ, որոնցից 370-ով հարուցվել են քրեական գործեր, 2010 թ. ընթացքում նախապատրաստվել է 895 նյութ, որոնցից 385-ով հարուցվել են քրեական գործեր, 2011 թ. ընթացքում նախապատրաստվել է 913 նյութ, որոնցից 395-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ 2012թ. 9 ամիսների արդյունքներով նախապատրաստվել է 555 նյութ, որից 220-ով հարուցվել են քրեական գործեր»,- նշել է նա:
Դանիելյանի խոսքով, վիճակագրությունը փաստում է, որ կոռուպցիոն հանցատեսակների բացահայտման մեխանիզմների ակտիվացման եւ դատախազական հսկողության նման պայմաններում, երբ այդ ցուցանիշները դինամիկ աճել են կամ համենայն դեպս պահել են իրենց աճի տեմպերը, իրավապահ, այդ թվում` դատախազության կողմից կատարվել է շոշափելի աշխատանք: «Եվ այդ աշխատանքներում մենք ունենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ ցավոք սրտի թերություններ եւ բացթողումներ»,- նշել է նա եւ հավելել. «Քանի որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը կախված է քրեական գործերով օրենսդրության կիրառման որակից, ուստի ներկայումս վերլուծելով առկա իրավիճակը եւ գործնականում թույլ տրվող սխալներից խուսափելու կամ զերծ մնալու համար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն` կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության բոլոր դատախազների մասնակցությամբ, եւ խստագույնս պահանջ է առաջադրվել ապահովել բացառապես օրենքի տառից բխող պրակտիկա»:





























