Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տա պաշտոնից փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրականացվում են շտաբի ձեւավորման աշխատանքներ, այն կսկսկի աշխատել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Թե ով կլինի շտաբի ղեկավարի տեղակալ եւ ով ինչով կզբաղվի, պարզ կլինի շտաբի վերջնական ձեւավորումից հետո: Մամուլի քարտուղարի խոսքով` այժմ կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում ՀՀԿ-ի դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարի պատվիրակների հետ կապված, նրանց 40-50 տոկոսը ընտրվել է, մնացածին կընտրեն մինչեւ մինչեւ նոյեմբերի 15-ը, ինչից հետո առարկայական կսկսեն ձեւավորել շտաբը:
Ի դեպ, շտաբերը կազմավորվում եւ սկսում են աշխատել ընտրությունների օրը նշանակվելուց հետո:
Նշենք, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա թեկնածությունն առաջարկել է Սերժ Սարգսյանը եւ, որոշումն ընդունվել է միաձայն:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























