Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքական դաշտի զարգացումներին:

«Մեր երկրում քաղաքական գործընթացները կարող են ոչ այն ուղղությամբ զարգանալ, որն ակնկալում են քաղաքական ուժերը»,- նշել է Մանուկյանը:

Ըստ պատգամավորի`  Հայաստանում իրադրությունն այնքան վատ է, որ վաղուց ժամանակն է SOS գոչելու. դա կապված է արտագաղթի հետ:  «Եթե 10 տարի առաջ արտագաղթողների 85% -ը երկիրը լքում էին աշխատանք չունենալու պատճառով, ապա ներկայումս 45%-ը լքում է երկիրը, քանի որ Հայաստանում իր երեխաների համար ապագա չի տեսնում եւ իրեն ապահով չի զգում»:

Մանուկյանը նաեւ նշել է, որ եթե երկրի քաղաքական ուժերը մի կողմ չդնեն իրենց նկրտումները եւ չմիավորվեն այդ խնդրի լուծման շուրջ, ապա երկրին սպառնում է ամբողջական արտագաղթ:  «Ո՞ւմ է պետք լինել այն երկրի նախագահը կամ խորհրդարանականը, որտեղ բնակչություն չկա:  Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն ամբիցիաները եւ միավորվեն՝ ճակատագրական ելքից խուսափելու համար»: