Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից միակն է, որ չի փակվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

«Թեեւ անվտանգության առումով բարդ իրավիճակին՝ մեր հյուպատոսարանը գործում է: Սիրիահայությունը պետք է իմանա, որ կա մեր ներկայացուցչությունը ոչ միայն Դամասկոսում, այլեւ Հալեպում, եւ անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան աջակցություն ցուցաբերել»,- ասաց Է. Նալբանդյանը: