Լաս Վեգասում Նեւադայի թանգարանի աշխատակիցները մամոնտին ամենալավ անուն առաջարկելու մրցույթ են հայտարարել, որի կմախքը գտնվում է թանգարանում: Հումորային մրցույթն իսկական անակնկալի է վերածվել կազմակերպիչների համար, երբ պարզվել է, որ հայ տղայի առաջարկած անունն ամենից շատ ձայն ստացել է Սիրիայից: 10-ամյա ամերիկահայ Հակոբ Մակնիսյանն առաջարկել է մամոնտին կոչել «Մամոն Քրիսթոֆեր Կոլումբիացի»: Այս անունը մրցույթի եզրափակիչ է դուրս եկել երեք այլ անունների հետ միասին: Տղայի մայրը՝ Վանիան, Facebook-ի միջոցով դիմել է Սիրիայում ապրող իր հարազատներին՝ խնդրելով աջակցել իր որդուն, հաղորդում է Las Vegas Review Journal կայքը:

Արշավը լավ արդյունք է տվել եւ Հակոբը միայն Սիրիայից շուրջ 75 ձայն է ստացել: Թանգարանի մենեջեր Սթեյսի Իրվինը հայտարարել է, որ Սիրիայից ստացված ձայները իսկական անակնկալ են եղել: «Մրցույթը կազմակերպելիս մենք նման բան չէինք սպասում»,-ասել է նա, հավելելով, որ դժվար է պատկերացնել, որ մարդիկ որոշել են քվեարկել մամոնտի անվան համար, այն դեպքում, երբ այդ երկրում պատերազմական վիճակ է:

Փոքրիկ Հակոբի ծնողները խոստովանել են, որ ամենից շատ սպասում են այն պահին, երբ թանգարանում էքսպոնատի կողքին ցուցանակ կհայտնվի, որտեղ կլինի նաեւ իրենց որդու անունը:

«Մենք շատ հպարտ կլինենք՝ տեսնելով հայկական անունը թանգարանի ցուցանակներից մեկում»,-ընդգծել է Վանիան: