Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Շոյգուն, որը մինչ այդ զբաղեցնում էր Մոսկվայի շրջանի նահանգապետի պաշտոնը:

Այդ մասին Ռուսաստանի ղեկավարը հայտնել է նոյեմբերի 6-ին՝ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Առայժմ հայտնի չէ՝ ով կզբաղեցնի մերձմոսկովյան շրջանի նահանգապետի պաշտոնը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որոշումը կայացվել է գերատեսչությանը ենթակա «Օբորոնսերվիս» ընկերության շուրջ  ծավալված սկանդալի ֆոնին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Սերդյուկովը կարող է դառնալ սկանդալային քրեական գործի գործող  անձ, որը հարուցվել է Գերատեսչությանը պատկանող գույքը, հողատարածքները եւ ձեռնարկությունների բաժնետոմսերը  նվազեցված գներով իրացնելու փաստով: Մի շարք պաշտոնյաների խաբեությունների վնասը կազմել է 3 մլրդ ռուբլի:

Սկանդալի կենտրոնում է հայտնվել  պաշտպանության նախարարության Գույքային հարաբերությունների  վարչության նախկին ղեկավար Եվգենիա Վասիլեւան` «երիտասարդ, տաղանադավոր եւ անկասկած շատ գեղեցիկ  աշխատակցուհին», ինչպես նրան բնորոշում են լրատվամիջոցները: Գործն առավել հրապուրիչ է դառնում այն առումով, որ առավոտյան, երբ քննչական խումբը ժամանել է Վասիլեւայի բնակարան` խուզարկություն կատարելու նպատակով, նրանց առջեւ դուռը բացել է ինքը` Սերդյուկովը, ով տարիներ շարունակ կարողացել է իր գլխավորած վարչությունը հեռու պահել նախարարության գույքի վաճառքի հետ կապված  սկանդալներից: Աշխատակցուհու տան խուզարկության ժամանակ այնտեղ թանկարժեք զարդեր  եւ 3 մլն դոլար գումար է հայտնաբերվել: