Եվրոպայի խորհրդում իր առաջիկա նախագահության շրջանում Հայաստանը կփորձի իր հնարավորությունների սահմաններում նպաստել, որպեսզի Բելառուսի շահերը պաշտպանվեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, Մինսկում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերությունները բարդ են. հետխորհրդային երկրների համար դա բնորոշ է: Այնտեղ, իհարկե, ամեն բան այդքան պարզ չէ: Այն հանգամանքը, որ մենք նախագահելու ենք ԵԽ-ում, չի նշանակում, որ նախագահը միանձնյա որոշում է ամեն ինչ: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են աշխատում եվրոպական կառույցները: Սակայն, այդուհանդերձ, հաշվի առնելով մեր ունեցած փորձը, ինչպես նաեւ Բելառուսի առավելագույնս ներգրավված լինելու մեր անկեղծ ցանկությունն ու ձգտումը, մենք կփորձենք մեր հնարավորությունների շրջանում նպաստել, որ Բելառուսի շահերը պաշտպանվեն»,-ընդգծել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Բելտան»:
Նշենք, որ Հայաստանը ԵԽ նախագահությունը կստանձնի 2013 թվականի մայիսին:





























