Տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մարտավարությունը կարող է արդյունավետ լինել այն իրավիճակում, երբ Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի կառավարությունը փորձում են անտեսել Կովկասում տիրող  փաստական դրությունը: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային ծրագրերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը:

«Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւը հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական ապացույցն է, որը  մաքսիմալ կերպով օգտագործում է եղած հնարավորությունները` աջակցելով Երեւանին եւ Սեփանակերտին՝ արտաքին քաղաքականության հարցում:

Բացի այդ,  նմանատիպ մարտավարությունը` տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի  միջազգային ճանաչումը (առանձին նահանգներ, ինքնավար մարզեր եւ շրջաններ), կարող է բավականաչափ արդյունավետ լինել այն իրավիճակում, երբ Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի կառավարությունները անտեսում են Կովկասում տիրող  փաստական դրությունը»,-նշել է փորձագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդն այսօր` հոկտեմբերի 25-ին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ է ընդունել:

Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Խորհրդի անդամ Մարի Ֆիկարոյի ներկայացրած բանաձեւն ընդունվել է միաձայն:

Բանաձեւն ընդունելով` Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ խորացնել Ավստրալիայի հարաբերությունները  Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»: