«Արմավիան» «Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՊՓԲԸ-ի ծառայությունների կարիքը չի զգում: «Մենք ավելորդ ենք համարում տվյալ ընկերության ծառայությունը», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան՝ մեկնաբանելով նշված ընկերության ղեկավար Պավել Մանուկյանի խոսքերն առ այն, որ եթե «Արմավիա» ընկերությունը չվճարի ավիաօդերեւութաբանական տեղեկատվության ծառայությունների դիմաց, դրանք այլեւս չեն տրամադրվի:

«Մենք ավելորդ ենք համարում այդ ընկերության ծառայությունը, առավել եւս, որ այլ ընկերություն է գործում ` «Արմաէրոնավիգացիան», որի հետ մենք համագործակցում ենք, եւ որի ծառայություններից կարելի է օգտվել Երեւանում: Իսկ «Աէրոնավիագացիայի» ծառայություններից կարելի է օգտվել ցանկացած երկրի ցանկացած քաղաքում», - նշել է Նանա Ավետիսովան՝ ընդգծելով, որ «Ավիաօդերեւութաբանական կենտրոնի» ծառայություններից հրաժարվելը չի  անդրադառնա թռիչքների անվտանգության վրա: Ըստ նրա`  նշված ՊՓԲԸ-ն իր ծառայությունները եռակի թանկ է մատուցում, յուրաքանչյուր չվերթի ապահովումը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ:  Ինչպես նշել է  «Արմավիայի» ներկայացուցիչը, «Ավիաօդերեւութաբանական կենտրոնին» առաջարկվել է վերանայել պայմանագիրը եւ օրավարձ սահմանել, այլ ոչ թե չվերթավարձ: «Նրանցից պատասխան չի ստացվել», - ամփոփել է Նանա Ավետիսովան:

Ինչպես հաղորդվել էր, Պավել Մանուկյանը հայտնել էր, որ «Արմավիան» կլորիկ գումար է պարտք: «Մեզ ունեցած նրանց պարտքը նախորդ տարվա 48 մլն դրամի փոխարեն այս տարի կազմել է 93,4 մլն: Ընկերությունը հրաժարվում է մեզ հետ որեւէ շփումից: Մենք էլ մեր հերթին այլ ընկերություններին պարտքեր ունենք, որոնք  «Արմավիայի» պարտքերի պատճառով  չենք կարողանում վճարել», –  ասել է Մանուկյանը:

«Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՊՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի բնապահպանության նախարարությունն է: