Օբամայի կողմնակիցները ընտրություններում նրա հաղթանակը տոնել են պարերով ու օվացիաներով: Հազարավոր մարդիկ Նյու Յորքի Թայմզ սքվերում սպասում էին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքներին:
Կեսգիշերին մոտ ակնհայտ է դարձել, որ Օբաման զգալի առավելությամբ հաղթում է եւ երկրորդ ժամկետն է նախագահելու:
Թայմզ սքվերում հարյուրավոր մարդիկ սկսել են վանկարկել «Օ-բա-մա», «Այո, նա կարող է», «Եվս չորս տարի»:
Պատմության մեջ ԱՄՆ-ի սեւամորթ առաջին նախագահի ամենահավատարիմ կողմնակիցները ուրախությունից սկսել են պարել աֆրիկական թմբուկների հնչյունների ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Աշխարհի խաչմերուկ» անվանվող Թայմզ սքվերում ընտրական գեղեցիկ շոուին ականատես են եղել տարբեր երկրների զբոսաշրջիկներ՝ Անգլիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Եգիպտոսից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից: Բազմազգ ամբոխը ողջունել է Օբամայի վերընտրվելը:
Օբամայի հաղթանակի մասին հայտարարել են ձայների հաշվարկին մասնակցած լրատվամիջոցները: Օբաման, CNN-ի տվյալներով, 303ձայն է ստացել՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն: Ռոմնին 203 քվե է ստացել:





























