Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի Արդարադատության նախարարությանը բարեփոխումների հարցում: Այս մասին Երեւանում հայտնել է Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսը:

«Մենք արդեն  նշանակալից աջակցություն են ցուցաբերել Հայաստանին այս ոլորտում, մասնավորապես, վերջին շրջանում  երկրում կառուցվել եւ վերանորոգվել է դատարանի 7 շենք: Բացի այդ, դատարանի շենքերը հագեցված են 26 տերմինալներով, որոնց օգնությամբ քաղաքացիները կարող են  ուղարկել իրենց բողոքները եւ պահանջները: Աշխատանքներ են իրականացվել նաեւ  տեղեկատվական դաշտում, ինչը թույլ է տալիս հեշտացնել եւ հասանելի դարձնել տվյալ ոլորտի տեղեկատվությունը»,-հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչը:

Նա նաեւ հիշեցրել է իրավաբանների դպրոցի մասին, որը  շարունակում է գործել Հայաստանում, ինչը թույլ է տալիս զբաղվել հին կադրերի վերապատրաստմամբ եւ նորերի պատրաստմամբ: Ընդ որում, սա այն ծրագրերի միայն մի մասն է, որոնք ԵՄ-ն իրականացնում է երկրում: «ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում իրավական  դաշտի ուժեղացմամբ եւ վերջին շրջանում  արձանագրվել են  բարեփոխումների առաջնթաց: Առաջընթացը տեսանելի է, ինչը ողջունելի է, սակայն, ցավոք,  դեռ շատ բան ունենք անելու ապագայում, ինչով էլ մենք կզբաղվենք արդարադատության ոլորտի բարեփախման երկրորդ փուլում»,-ամփոփել է Սիմոնսը: