Հանրապետությունում  այս տարվա 11  ամիսներին արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 11 դեպք` 17 տուժածով, որից 2-ը` մահվան ելքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակամահաճարակային տեսչությունից: Արձանագրված դեպքերի հետեւանքով տուժածներից 2-ը երեխաներ են

Դեպքերը գրանցվել են  Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի, Արարատի, Արմավիրի, Լոռիի եւ Տավուշի մարզերում:  Իսկ 2011թ արձանագրվել է բոտուլիզմի 19 դեպք` 30 տուժածով, որոնցից 3-ը` մահվան ելքով: 2010թ էլ արձանագրվել էր 12 դեպք` 19 տուժածով, որոնցից 3-ը` մահվան ելքով:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ եւս զգուշացնում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, բերանի չորություն, սրտխառնոց, փսխում, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջեւ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:  Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ նման պայմաններ: Ի դեպ, բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը: