Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկություններ անողների հետեւում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեսնում է այն մարդկանց, ովքեր սեփական դեմքով իշխանության գալու հնարավորություն չունեն:

«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:

Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված:

Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»,-ասել է նա:

Նշենք, որ Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկով նախօրեին հանդես է եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է. «Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:

Այս ճանապարհին, մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:

Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի:

Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից եւս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման եւ համագործակցության լուրջ գաղափարական հենք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյոք կա՞ հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ»: