Բարաք Օբամայի վերընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում նրան ավելի համարձակ կդարձնի իր գործողություններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:
Քաղաքագետի խոսքով, Կովկասում ԱՄՆ քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, չի փոխվի, որովհետեւ ինչպես ԱՄՆ-ին պետք է Ռուսաստանը, այնպես էլ Ռուսաստանին պետք է ԱՄՆ-ը: «Այդ երկու երկրները կպայմանավորվեն, թե ինչ վիճակում կլինի Կովկասը՝ ելնելով իրենց ազդեցության ոլորտներից»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ դա տեղի կունենա ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումից անմիջապես հետո, սակայն հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը հիմնականում կմնա հինը, ապա շատ բան չի փոխվի:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությանը, ապա, ըստ Ռոնդելիի, այն արմատապես չի փոխվի, քանի որ Օբաման այլեւս չի կաշկանդվի իրեն ընդդիմացող Հանրապետական կուսակցության դիրքորոշումների հետ կապված: «Օբաման կլինի ավելի համարձակ Մերձավոր Արեւելքում իր գործողություններում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ վերջին տվյալների, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում: Նրան արդեն շնորհավորել են մի շարք երկրների նախագահներ, այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:




























