«Ամերիա» ՓԲԸ-ի կատարած հետազոտությունից պարզվում է, որ, ըստ ապրանքատեսակների դիտարկելիս՝ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երեւանում ալկոհոլային խմիչքների ձեռքբերման շուկայում (63.1%): Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, գյուղատնտեսական շուկաները հիմնականում օգտագործվում են մրգի եւ բանջարեղենի գնումների համար, որոնց բաժին է ընկնում այդ ապրանքատեսակների մանրածախ առեւտրի ամբողջ ծավալի 28%-ը, հացը եւ ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում, համապատասխանաբար`30.3% եւ 29.7%:
Սուպերմարկետի ընտրության համար կարեւորագույն գործոններն են, ըստ առաջնահերթության` տեսականին, սպասարկման որակը, վստահությունը սուպերմարկետի նկատմամբ, տեղակայվածության հարմարավետությունը: Սննդամթերքի ընտրության երեք հիմնական գործոններն են, ըստ հերթականության՝ որակը, ապրանքների թարմությունը, գինը, իսկ տնտեսական ապրանքների համար՝ որակը, գինը, նախկինում փորձված լինելը:





























