«Ամերիա» ՓԲԸ հետազոտությունը  ներկայացնում է նոր բացահայտումներ։ Երեւանում ամենօրյա սպառման ապրանքների շուկայում սուպերմարկետների տեսակարար կշիռը գնահատվում է մոտ 39%, ընդ որում, 4 հիմնական սուպերմարկետների ցանցի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 30%:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, օրական սուպերմարկետներ է այցելում  շուրջ  370 հազ. մարդ, որոնցից միայն 40%-ն է գնումներ կատարում: Երեւանի չափահաս բնակչության մոտ  42%-ը գրեթե ամեն օր հաճախում է սուպերմարկետ:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ գնումներ կատարող անձանց 20%-ը տղամարդիկ են, 66%-ը` կանայք, իսկ 14 %-ը գնումները կատարում են միասին: Ընդ որում՝  կանանց շրջանում տարիքին զուգընթաց գնումներ կատարելու ակտիվությունն ավելանում է, մինչդեռ տղամարդկանց շրջանում 26 տարեկանից հետո ակտիվությունը համեմատաբար կայուն է:

Ամուսնությունից հետո կանանց ակտիվությունն սուպերմարկետ այցելելու ուղղությամբ ավելանում է 2.2 անգամ, տղամարդկանցը` 1.7 անգամ: