Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը թուրքական Էրզրումում պլանային, ոչ թե հարկադիր վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնել է ՀՅԴ ներկայացուցիչ, «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը՝

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով թուրքական եւ ռուսական մամուլում հայկական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի մասին հրապարակումները:

«Հարկավոր չէ քաղաքական սկանդալ որոնել այնտեղ, որտեղ այն չկա», - ընդգծել է Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը թռել է չարտերային չվերթով: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ինքնաթիռը նախորդ անգամվա նման պետք է վայրէջք կատարեր Էրզրումում՝ բեռն ստուգելու նպատակով: «Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ չառարկեցինք, քանի որ մեր նպատակը մեր  հայրենակիցներին, նաեւ՝ Սիրիայում բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելն էր: Այնպես որ, Թուրքիայում մեր ինքնաթիռի վայրէջքի մեջ արտառոց ոչինչ չկա: Մեկնաբանելու, առավել եւս՝ դրանում քաղաքական դիվիդենտներ փնտրելու կարիք չկա», - ընդգծել է Լիլիթ Գալստյանը:

Նշենք, թուրքական, նաեւ՝ ռուսական որոշ լրատվամիջոցներ հայկական ինքնաթիռի վայրէջքի փաստը ներկայացրել էին իբրեւ «հարկադիր վայրէջք»: Համանման դեպք կատարվել էր հոկտեմբերի կեսերին՝  Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական այլ չվերթի  պարագայում: