ՉԺՀ առաջնորդ եւ Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար  Հու Ցզինտաոն նոյեմբերի 8-ին կուսակցության 18-րդ համագումարի բացմանն անդրադարձել է Չինաստանի տարածքային վեճերին, այդ թվում՝ Թայվանի խնդրին:

Չին առաջնորդի խոսքով՝ Չինաստանը «երբեք, ոչ մի ձեւով» թույլ չի տա Թայվանի առանձնացումը, սակայն դրա հետ մեկտեղ պնդում է երկրի մայրցամաքային եւ կղզային մասերի եւ Թայվանի նեղուցի երկու մասերի միջեւ խաղաղ համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը:

Ինչպես նշում է rbc-ն,  բոլորովին վերջերս Պեկինը  հանդես էր գալիս Թայբեի անկախացման դեմ ռազմական ուժ կիրառելու դիրքերից: Սակայն վերջին տարիներին մարտնչող երկու կողմերի հարաբերությունները լավացել են, հաստատվել են տրանսպորտային, փոստային եւ առեւտրային կապեր, տնտեսական մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Ցզինտաոյի խոսքով՝ այժմ պաշտոնական Պեկինը պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել, ինչը կողմերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացման հեռանկարներ կստեղծի:

Ներկա դրությամբ Չինաստանը ներգրավված է տարածքային մի քանի վեճերում, այդ թվում՝ Ճապոնիայի հետ: