Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի լքի հայրենիքը: «Ես Արեւմուտքի խամաճիկը չեմ, որպեսզի Արեւմուտք գնամ կամ մեկ այլ տեղ: Ես սիրիացի եմ, ես ծնվել եմ Սիրիայում, պետք է ապրեմ Սիրիայում եւ մեռնեմ այնտեղ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ակնարկել էր, որ Ասադը կարող է անվտանգության երաշխիք ստանալ, եթե հրաժարական տա: ԱՄՆ-ի պետդեպարտամենտում էլ նշել էին, որ Ասադին եւ նրա ընտանիքին, Սիրիայից հեռանալու համաձայնության դեպքում, պատրաստ են ընդունել Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ասադը նաեւ նախազգուշացրել է, որ Սիրիայի տարածք այլ պետության ներխուժման դեպքում աշխարհին անդառնալի հետեւանքներ են սպասվում, որոնք կվերաբերեն յուրաքանչյուրին: Միաժամանակ, ըստ նրա, Արեւմուտքը հազիվ թե համարձակվի զինված ներխուժում իրականացնել, գրում է «lenta.ru»-ն, իսկ նրա խոսքերն է մեջբերում rbc-ն:

Բ. Ասադի  զրույցի ամբողջական տարբերակը հեռուստաալիքը խոստանում է ցուցադրել նոյեմբերի 9-ին: Հաղորդվում է, որ հարցազրույցում Սիրիայի նախագահն անդրադարձել է սիրիական ընդդիմության ֆինանսավորման հարցին, սիրիական ճգնաժամում «Ալ Կաիդայի» ունեցած դերին եւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններին: