Ինչքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան քաղաքական ուժերի դիրքորոշումները հստկեցվում են: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին հրավիրված ասուլիսին ասաց ՕԵԿ-ական ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Այս առումով, եթե համեմատելու լինենք նախորդ նախագահական ընտրությունների հետ, ապա նախորդ անգամ անհամեմատ ավելի վաղ քաղաքական ուժերը հստակեցրեցին իրենց դիրքորշումը: Սա բխում է նաեւ ընտրողների շահերից, քանի որ հստակեցնում են, թե ում են ընտրելու»,- ընդգծեց Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ կարեւորում են նախագահի ընտրությունները, քանի որ հասարակությունը հույս է կապում այս ընտրությունների հետ:
Հովհաննես Մարգարյանը ստեղծված իրավիճակը պայմանվորում է նրանով, որ ներկա պահին կա քաղաքական երեք սպեկտոր` իշխանություն, ընդդիմություն եւ այլընտրանք հանձինս ԲՀԿ-ի: «Իսկ մեր դիրքորաշումը հստակ է եւ դեռ նախորդ նախագահական ընտրություններից հետո: Արթուր Բաղդասրյանը արդեն հայտարել է, որ մենք պաշտպանելու ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- նշեց Հովհաննես Մարգարյանը:
Խորհրդարանական կառավարման անցելու առաջարկի մասին խոսելով` Հովհաննես Մարգարյանն ասաց, որ մինչ այս պահը որեւէ քաղաքական ուժի կողմից կոնսուլտացիաներին մասնակցելու հրավեր չեն ստացել եւ, որ նման գործընթացներին հարգանքով են վերաբերում: Նրա խոսքով, իրենք փուլային տարբերակի կողմնակից են: Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե առաջիկայում քաղաքական դաշտում դիմակազերծումներ են սպասվում, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իր կարծիքով, դիմակազերծում ասելով` Շարմազանովը երեւի նկատի է ունեցել իր ասած հստակեցումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























