Իտալական Alitalia ընկերությունը դեկտեմբերի 11-ից Երեւան-Հռոմ-Երեւան թռիչքներ կիրականացնի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի գծով կառավարիչ Ջովանի Սիմոնինին: «Տոմսերի գինն այժմ չեմ կարող ասել, բայց այն միանշանակ մրցունակ կլինի», – ասել է նա: Ընկերությունը շաբաթական երկու չվերթ կիրականացնի. երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Հռոմից Երեւան, չորեքշաբթի եւ շաբաթ՝ հետադարձը, Երեւանից Հռոմ: Թռիչքը կտեւի մոտ 3,5 ժամ:
Ինչպես նշել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Իտալիայի եւ Հայաստանի միջեւ նոր ուղիղ չվերթներն ավելի կամրապնդեն երկու երկրների փոխհարաբերությունները: «Հայաստանի նման երկրի համար, որը դեպի ծով ելք չունի, այլ երկրներ կատարվող չվերթների ակտիվացումը, մասնավորապես՝ Եվրոպա, շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա Հայաստանում դրա նկատմամբ հետաքրքրությունն աճում է», – ավելացրել է Բ. Սկապինին: Իր հերթին Հայաստան զբոսաշրջային այցերի քանակով Իտալիան Եվրոպայում առաջիններից մեկն է:
Հայաստանում Alitalia-ի ներկայացուցիչը կդառնա Festa Tour Avia ընկերությունը, որն ավելի վաղ ներկայացնում էր Meridiana fly – Air Italy ընկերությունը, որը Երեւան էր թռչում Վենետիկից եւ Վերոնայից:





























