Շվեյցարիայի համագործակցության ու զարգացման գործակայության ու Հայաստանի միջեւ համագործակցությունն արդեն տաս տարվա պատմություն ունի։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին «Հայաստանի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավումը անասնապահական շուկայի միջամտության միջոցով» ծրագրի շրջանակում ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նա նշեց , որ ծրագրի շրջանակներում ներառված են մի շարք խնդիրներ՝ առկա փորձի ուսումնասիրություն, կենսական պայմանների բարելավումը գյուղական համայնքներում՝անասնապահական շուկայի միջամտության միջոցով. «Ուստի Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը ներկայացրել է ծրագիր, որում ընդգծել է Հայաստանի լեռնային հարավում՝ Սյունիքի մարզում, կատարված աշխատանքների արդյունքները։ Ընդունված մոտեցումների շնորհիվ բարելավվել են գյուղական համայնքների կենսապայմանները, որ իրագործվում է խոշոր եղջերավոր անասնապահության համար անհրաժեշտ միջավայրի բարելավման միջոցով»։
Իսկ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ընդգծեց, որ Գորիսի Տարածաշրջանի 16 ամենահեռավոր ու փոքր համայնքների ֆերմերային տնտեսություններում մսի ու կաթնամթերքի արտադրությունում 2010-2011թվականներին նկատվել է էական աճ՚. « Գորիսի տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասուններ գլխաքանակը աճեց, իսկ ՇԶՀԳ-ի ծրագրի միջոցով, սկսած 2003թ.-ից, տեղական անասնաբուժական ծառայությունների եւ արտադրական վերամշակող կապերի շնորհիվ ծրագիրը զարգացել ու այժմ հիմնական ուշադրությունը դարձվում է մսի ու կաթնամթերքի տարածաշրջանային շուկայի զարգացմանը։ Ծրագիրը իր մեջ ներառում է անասնաբուժական ծառայությունների ստեղծում, դեղամիջոցների ու սարքավորումների ապահովում, կանխարգելիչ պատվաստումների իրականացում, ֆինանսական ծառայությունների մուտքի ապահովում»,- ասաց Շոխը։
Իսկ ՀՀ Սյունիքի մարզի մարզպետի առաջին տեղակալ Արա Դոլունցը կարեւորեց Շվեյցարական կողմի նախաձեռնությունը՝ նշելով, որ այս համագործակցությունը իր մեջ ներառում է ոչ միայն անասնապահության, այլեւ բնակարանային ու սոցիալական ապահովության խնդիրները։




























