«Զվորթնոց» օդանավակայանի ղեկավարությունը չի ցանկանում «Արմավիա» ընկերության սնանկացումը եւ չի նախատեսում ձեռք բերել այն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Միջազգային օդանավակայաններ-Հայաստան» ընկերության գլխավոր մենեջեր, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Մարսելո Վենդեն: «Մենք ցանկանում ենք հնարավորինս համագործակցել ավիաընկերության հետ»,-վստահեցրեց նա:

Նրա խոսքով, ավիաընկերության հետ բանակցություններն ընթանում են տարվա սկզբից, նրան նաեւ օդանավակայանների կայանման սակագների զեղչեր են տրամադրվել: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ աշխատել անվճար: Մենք հսկայական ծավալի ներդրումներ են արել, նոր տերմինալ ենք կառուցել, մեր օդանավակայանն իր որակով եւ անվտանգությամբ լավագույնն է տարածաշրջանում: Բոլոր այդ ներդրումները պետք է փոխհատուցվեն»,-հավելել է Վենդեն:

Նա չնշեց «Արմավիայի»՝ «Զվարթնոցին» ունեցած պարտքի հստակ թիվը, բայց նշեց, որ այն մի քանի անգամ գերազանցում է նախկինում համաձայնեցված սահմանը՝ 2,36 մլն դոլարը: