Եռամսյակի ընթացքում աշխարհում վաճառված սմարթֆոնների թվով Samsung-ն առաջին անգամ Apple-ից առաջ է անցել: Երրորդ եռամսյակում հարավկորեական ընկերությունը 18 միլիոն Galaxy S3 մոդել է վաճառել, այն դեպքում, երբ Apple-ին հաջողվել է վաճառել միայն 16,2 միլիոն iPhone 4S: Ըստ վերլուծաբանների՝ Galaxy S3-ին գրավչություն են հաղորդում գերզգայուն մեծ էկրանը, լայն տարածումը եւ օպերատորների շռայլ սուբսիդիաները:
Երրորդ եռամսյակում Samsung սմարթֆոնները կազմել են սմարթֆոնների շուկայի 11%-ը, իսկ iPhone S4-ը՝ միայն 10%-ը: Galaxy S3-ը պահանջված է հատկապես Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի երկրներում: Apple-ի դիրքերի զիջումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ շատերն սպասում էին նոր՝ iPhone 5 մոդելին:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», վերլուծաբանները կարծում են, որ չորրորդ եռամսյակում iPhone 5-ն առաջ կանցնի Galaxy S3-ից, եւ Apple-ը կրկին առաջատար կդառնա: Երկրորդ եռամսյակում Apple-ը վաճառել էր 19,4 միլիոն սմարթֆոն, իսկ Samsung-ը՝ 5,4 միլիոն:





























