Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 8-ի նիստում հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները: Հատկանշական է, որ պահանջները հաստատվել են անգլերեն լեզվով, թեեւ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կարելի է գտնել նաեւ հայերեն թարգմանությունը:

Ըստ այդ փաստաթղթի` «Խոր էշելոնային պաշտպանության սկզբունքը» միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման հիմնական սկզբունքն է: Այն ենթադրում է պաշտպանության արգելքների ներդրում՝ շրջակա միջավայր ճառագայթային արտանետումը կանխարգելելու համար:

Ատոմակայան շահագործող կազմակերպությունը պարտավորվում է ձեռնարկել միջոցառումներ` պաշտպանելու անվտանգության համակարգերը ծանր վթարների ժամանակ:

Բացի այդ` միջուկային տեղակայանքի նախագծում պետք է նախատեսվեն ներքին վտանգներից պաշտպանության (օրինակ՝ ջրհեղեղ, խողովակաշարի վնասում, արտահոսք եւ այլ) պահանջներ: Պետք է նախատեսվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաեւ վթարի հետեւանքները տեղայնացնելու միջոցառումներ: Որոշ արտաքին ու ներքին պատահարների փոխգործակցության արդյունքում կարող են առաջանալ հրդեհներ ու ջրհեղեղ, որը նույնպես պետք է հաշվի առնել միջուկային տեղակայանքի նախագծում: