Նոյեմբերի 9-ից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Անդորրան այդ պաշտոնում փոխարինեց Ալբանիային: Անդորրայի լիազորությունները կավարտվեն 2013թ.-ի մայիսին, եւ Հայաստանը վեց ամիս ժամկետով կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Անդորրայի նախագահության շրջանում գլխավոր առաջնահերթությունը տրվելու է կրթությանը` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության, ԵԽ-ի հիմնարար արժեքների բնագավառում:
Անդորայի նախագահության ժամկետում վերոհիշայլ ուղղությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ` երիտասարդության համար հատուկ շեշտադրմամբ: Առանցքային միջոցառումներից մեկը կդառնա սոցիալական ցանցերի վրա հիմնված, երիտասարդական կազմակերպությունների եւ կրթական հաստատությունների հետ համագործակցաբար, Մարդու իրավունքների կոնվենցիայի վերաբերյալ գիտելիքների տարածման ուղղությամբ անցկացվելիք արշավը:
Անդորան նախագահության շրջանում կհետեւի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկարաժամկետ արդյունավետության վերաբերյալ ինտերլակենյան, իզմիրյան եւ բրայտոնյան համաժողովների որոշումների կատարման ընթացքին: Նախագահող երկիրը կաջակցի տեղական եւ տարածքային ժողովրդավարությանը, նաեւ` արդարադատության արդյունավետության բնագավառում ԵԽ-ի չափորոշիչների պահպանմանը:





























