Իրանի եւ Հայաստանի արդարադատության նախարարներ Մորթեզ Բախտիարին եւ Հրայր Թովմասյանը Թեհրանում իրավական եւ դատական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Հանդիպման ընթացքում Իրանի արդարադատության նախարար Մորթեզ Բախտիարին հայտնել է, որ Թեհրանի եւ Երեւանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու ոչ մի խոչընդոտ չի տեսնում, եւ ընդգծել է Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Հայաստանի նախագահի ճիշտ դիրքորոշումը:
Հայաստանի արդարադատության նախարարը հանդիպել է նաեւ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ, որը նշել է, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ կապերի ընդլայնումը կնպաստի տարածաշրջանի երկրների սերտացմանը:
Նա նաեւ երկու երկրների դատական մարմինների միջեւ համագործակցության շահագրգռվածություն եւ անհրաժեշտություն է հայտնել: Լարիջանին Իրանի եւ Հայաստանի արդարադատության նախարարների միջեւ իրավական օգնության եւ հանցագործների հանձնման մասին ստորագրված համաձայնագիրն անվանել է երկու երկրների միջեւ հետագա համագործակցության ամրապնդմանն ուղղված արդյունավետ քայլեր:
Իր հերթին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ Թեհրանի եւ Երեւանի երկկողմ հարաբերությունները Մերձավոր Արեւելքի երկրների համար համագործակցության մոդելի օրինակ պետք է դիտվեն: Իրանի եւ Հայաստանի առաջնորդները մտադիր են զարգացնել տարբեր բնագավառներում փոխգործակցությունը, հավելել է Թովմասյանը:





























