Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով նոյեմբերի 12-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան- Ուրուգվայ պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Նախատեսվում է պարոն Օռիկոյի ելույթը Ազգային ժողովի նիստում:

Երեւանի Պետական Համալսարանում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կհանդիպի ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: